da vinci man

Science & Technology Armenia

Dedicated to advancement of science and technology in Armenia

Previous Entry Share Next Entry
Առաջնորդվել հստակ չափանիշներով
Portasar, Gobekli tepe, Gyobekli tepe
artsat wrote in science_am

Հասարակական զարգացման մեջ գիտության ու նրա նվաճումների կիրառության առանցքային դերակատարության վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող, եւ գիտությունից ունեցած ակնկալիքները մեր ժողովրդի գիտակցության մեջ ավանդաբար եղել ու շարունակում են մնալ խիստ բարձր։
Գիտության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական եւ վտանգավոր հանգամանքներից մեկը գիտությանը հատկացվող միջոցների անարդյունավետ օգտագործումն է, իսկ կարեւորագույն խնդիրներից մեկն այդ միջոցների նպատակային ծախսումն է՝ հնարավոր բարձր արդյունքներ ապահովելու համար։ Հավանաբար, արդարացված է նաեւ գիտնականների շրջանում գոյություն ունեցող դժգոհությունը ոչ այնքան գիտությանը հատկացվող միջոցների սղության, որքան դրանց անարդար բաշխման վերաբերյալ։
Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման՝ օրենքով նախատեսված երեք տեսակներից (բազային, պայմանագրային (թեմատիկ) եւ պետական—նպատակային) յուրաքանչյուրը կոչված է իրեն հատուկ խնդիրներ լուծելու, սակայն ստեղծված իրավիճակում միշտ չէ, որ սրանք ծառայում էին նախանշված նպատակներին։ Հետազոտողների խմբերի կողմից իրականացվող թեմատիկ ծրագրերը հաճախ կրկնում էին իրենց կազմակերպությունների կողմից ներկայացված բազային ծրագրերը, որոշ դեպքերում՝ մեկը մեկին։ Նման թեմաների՝ տարիներ շարունակվող ֆինանսավորումը, թեմաների իրականացման արդյունավետությունը հաշվի չառնելը, ոչ մեկին չնեղացնելու մարտավարությունը մի օր իրեն սպառելու էր, եւ մեր խորին համոզմամբ, այդ օրն արդեն եկել է։ Մենք պետք է հասկանանք, որ եղածն ամեն գնով պահպանելու պրակտիկայից պետք է անցնել ապագային միտված՝ գիտության զարգացման քաղաքականության։
Թեմատիկ ֆինանսավորումն ուղղված է գիտնականների եւ հետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված ու մրցույթային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը. այն, փաստորեն, պետական դրամաշնորհային ծրագիր է, որի նպատակը տվյալ բնագավառում լավագույն նախագծերի ֆինանսավորումն է, նոր գիտական ուղղություններ եւ գիտական դպրոցներ ստեղծելու, ինչպես նաեւ ակնառու հաջողություններ արձանագրած, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին լրացուցիչ վարձատրություն տալու հնարավորությունը։ Եվ մեզ համար մի փոքր անսպասելի էին այն կրքերը, որ բորբոքվեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից անցկացված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի շուրջ։
Ի՞նչ է տեղի ունեցել ի վերջո։

Առաջին անգամ փորձ է արվել թեմատիկ ֆինանսավորումն իրականացնել իսկապես մրցակցային հիմքի վրա՝ առանձնացնելով ներկայացված լավագույն ծրագրերը, բացառելով կոմպրոմիսներն ու պայմանավորվածությունները, առաջնորդվելով հստակ, օբյեկտիվ չափանիշներով, ըստ փորձագիտական գնահատականների վրա հիմնված վարկանիշների, որոնց բացակայությունը կամ չկիրառելը նույնպես խիստ, ընդ որում՝ արժանիորեն, քննադատվում է։
Հարկադրված ենք հիշեցնել նաեւ, որ ցանկացած ոլորտում առաջընթացի, հաջողության հասնելու բանալին հավասար մրցակցային դաշտ ապահովելու մեջ է, որտեղ առաջավորների հաջողությունը վաղ թե ուշ, սակայն անխուսափելիորեն հասցնում է բոլորի հաջողությանը, ամբողջ ոլորտի զարգացմանը։ Խնդիրը ոչ միայն եղած միջոցները նպատակային ծախսելն է, այլ նաեւ իսկապես նշանակալից գիտական արդյունք տվողներին խրախուսելն ու նրանց համար համապատասխան պայմաններ ապահովելը։ Սա է գիտության ոլորտում վարվող քաղաքականության հանգուցակետերից մեկը, եւ այստեղ վճռական է գիտական կազմակերպությունների ղեկավարների դերը։ Նրանք պետք է հաշվի առնեն, որ աշխատակիցների վարձատրության հիմքում նույնպես պետք է ընկած լինի գիտնականի աշխատանքի արդյունավետության սկզբունքը, քանի որ մեր եւ, վստահ եմ, շատերի կարծիքով, գիտնականի գնահատման միակ արդարացի չափանիշը նրա աշխատանքի արդյունքն է, որը չափվում է հրատարակված գիտական աշխատանքների քանակով եւ որակով։ Հենց այս չափանիշներն են դրվել մրցույթի հիմքում, եւ հենց սրանցով պետք է առաջնորդվեին փորձագետները՝ ծրագրերը գնահատելիս, մինչդեռ դժգոհությունների եւ թերահավատության հիմնական մասն առնչվում էր հատկապես փորձագետներ ներգրավելու պրակտիկայի ներմուծման հետ։
Իսկապես, այստեղ շատ բան կախված էր ոչ միայն փորձագետի մասնագիտական որակավորումից, այլեւ որպես փորձագետ հանդես եկող յուրաքանչյուրիս բարեխղճությունից, վստահված գործի հանդեպ պատասխանատվության զգացումից եւ, ինչու ոչ, մարդկային պարզ ազնվությունից։ Չի կարելի չընդունել, որ նոր ձեւավորվող փորձագիտական համակարգը մեր երկրում դեռեւս կայացած չէ, սակայն պարտավոր ենք կատարելագործել այն եւ որոշակի քայլեր անում ենք այդ ուղղությամբ. Մասնավորապես, փորձաքննության անկախությունն ապահովելուն էր ուղղված նաեւ օտարերկրյա 70 հայազգի փորձագետների ներգրավումն այս գործընթացում։ Այժմ գիտության պետական կոմիտեում մշակվում է «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը. ակնկալում եմ մեր գիտական հասարակայնության շահագրգիռ մասնակցությունն այդ նախագծի քննարկմանը։
Հաճախ հնչող քննադատություն կա «Ֆիզիկա» մասնագիտության հանդեպ մեր, իբր, կողմնակալ վերաբերմունքի մասին։ Ճիշտն ասած, ֆիզիկոսները հակառակ կարծիքի են, քանի որ վերոհիշյալ մասնագիտությամբ ֆինանսավորված թեմաները կազմում են ընդհանուրի 17 տոկոսն այն դեպքում, երբ Հայաստանի գիտնականների կողմից միջազգային ամսագրերում հրապարակումների մեջ կազմում են 40 տոկոսից ավելին։
Մրցույթի արդյունքներից պարզ դարձավ, որ ունենք իսկապես բարձրագույն մակարդակով աշխատող գիտական խմբեր եւ հետազոտողներ, ընդ որում՝ միշտ չէ, որ վերջիններս բարձր գիտական աստիճաններ ու տիտղոսներ կրողներն են։ Չի կարելի չնկատել մի հուսադրող փաստ. մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ղեկավարները միջինում հինգ տարով ավելի երիտասարդ են, քան նախորդում, իսկ թեմաներում ընդգրկված երիտասարդ գիտնականների թիվը գերազանցում է 150—ը։ Սա մենք համարում ենք կարեւոր ձեռքբերում, եւ, կարծում եմ, պետք է աշխատել այս միտումը պահպանելու ուղղությամբ։
Մրցույթը ցույց տվեց նաեւ բնական եւ հասարակական գիտությունների բնագավառում հայտերին ներկայացվող պահանջներին տարբերակված մոտեցում կիրառելու, չափանիշները հստակեցնելու անհրաժեշտությունը։
Չի կարելի ժխտել, որ արժեքավոր հայտերի քանակը գերազանցել է նախատեսված 110—120—ը։ Անկասկած, ցանկալի կլիներ ավելի շատ հայտեր ֆինանսավորել, եթե դա թույլ տային նախատեսված ֆինանսավորման ծավալները, սակայն մենք ստիպված ենք գործել մեր հնարավորությունների շրջանակներում։
Պետք է հիշեցնեմ, որ 2011 թվականին զգալիորեն ավելացել է կազմակերպությունների բազային ֆինանսավորումը, այնպես որ գիտաշխատողների գերակշիռ մեծամասնությունն ընդգրկված է բազային ծրագրերում, եւ թեմաների քանակի կրճատման հետեւանքով մարդկանց գիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու, առավել եւս՝ կադրային ջարդի, գիտությանը հասցված ծանր հարվածի մասին խոսակցությունները, մեղմ ասած, հիմնավորված չեն։ Այստեղ ծանրակշիռ դեր ունեն գիտական կազմակերպությունների տնօրեններն ու գիտական խորհուրդները. նրանք պետք է այնպես կառուցեն հիմնարար եւ կարեւորագույն կիրառական հետազոտությունների բազային ծրագրերը, որ դրանցում ընդգրկված լինեն բոլոր այն ուղղությունները, որտեղ լուրջ հաջողություններ, ակտիվ աշխատող հետազոտողներ կան՝ միաժամանակ նպաստելով մեր գիտության ավանդաբար ամենաուժեղ կողմերից մեկի՝ գիտական դպրոցների պահպանման ու զարգացման կարեւորագույն խնդիրը լուծելուն։ Նաեւ միշտ չէ, որ գիտական խորհուրդները լրջորեն ու պատասխանատվությամբ են մոտեցել հայտերը ֆինանսավորման երաշխավորելու խնդրին, քանի որ ներկայացվածների մեջ քիչ չէին այնպիսի նախագծերը, որոնք ակնհայտորեն չէին բավարարում հայտարարված պայմաններին։
Այսուամենայնիվ, ստիպված ենք մեր որոշ հիասթափությունը հայտնել բողոքների բովանդակության վերաբերյալ։ Դրանցից միայն մի երկուսի մեջ կարելի էր տեսնել գործնական առաջարկներ, օրինակ, մրցույթի պայմանների վերաբերյալ, կամ գոնե փաստարկված քննադատություն. մեծ մասը սահմանափակվում էին իրենց թեմայի կարեւորությունն ապացուցելով կամ ԳՊԿ—ին ուղղված ընդհանուր կարգի կոչերով, երբեմն նաեւ՝ հանիրավի մեղադրանքներով։
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարվում են երիտասարդ գիտաշխատողների, արտասահմանյան երկրների եւ կազմակերպությունների հետ միջազգային համագործակցության ծրագրերի ամենամյա մրցույթներ, շուտով առաջին անգամ կհայտարարվի մրցույթ կարեւորագույն կիրառական հետազոտությունների նախագծերի, ինչպես նաեւ համատեղ մրցույթ Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական հիմնադրամի հետ հումանիտար գիտությունների բնագավառում։
ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գործողությունները թելադրված են Հայաստանի գիտության բնագավառում ժամանակակից եւ կենսունակ համակարգ ձեւավորելու նպատակով համակարգային բարեփոխումների անհրաժեշտության գիտակցությամբ։ Խիստ արժեքավոր ենք համարում ակտիվ աշխատող գիտնականների կարծիքներն ու առաջարկները Հայաստանում գիտության կառուցվածքի, ֆինանսավորման արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ։
Ի վերջո բոլորիս նպատակը նույնն է՝ համակարգի կատարելագործման, գիտական ներուժի եւ նրան հատկացվող միջոցների առավել արդյունավետ ու հասցեական օգտագործման միջոցով հասնել գիտական հետազոտությունների մակարդակի ու գիտնականի արժանապատվության, հասարակության մեջ նրա հեղինակության բարձրացմանը։

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կրթության եւ գիտության նախարարության
գիտության պետական կոմիտեի նախագահ

28-04-2011



http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20110428_8&flag=am



?

Log in